Twitter ընկերությունը որոշել է Նյու Յորքի Բարձրագույն դատարանի որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում, որոշման համաձայն՝ Twitter-ը պետք է դատախազությանը հանձնի անցյալ տարվա աշնանը «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը» («Occupy Wall Street» ) ակցիայի կազմակերպիչների` իր մոտ գրանցված տվյալները: Ըստ միկրոբլոգային կայքի իրավաբանի՝ այդ որոշումը ԱՄՆ Սահմանադրության Չորրորդ փոփոխության խախտում է:
Բացի դրանից՝ ընկերությունում խոսում են նաև, որ դատարանի կայացրած որոշումը վտանգի տակ է դնում Twitter-ի գործունեությունը, որի դեմ կարող են հայց ներկայացնել օգտատերերը` իրենց տվյալները անօրինականորեն բացահայտելու համար: Այդպիսի սպառնալիք Twitter-ի հասցեին արդեն հնչել է` օգոստոսի 27-ին Քաղաքացիական ազատության ամերիկյան միությունը խոսք է տվել հայց ներակայացնել Twitter-ի և դատախազության դեմ:
«Հաղորդագրությունները և օգտատերերի տվյալները պատկանում են միայն իրենց, դրանք նրանց սեփականությունն են: Օգտատերերը իրավունք ունեն պայքարելու կառավարական անօրինական հարցումների դեմ »,- հայտարարել է Twitter-ի փաստաբանը:









































