Go Topless միջազգային հասարակական կազմակերպությունը աշխարհի գրեթե 30 երկրներում անցկացրել է բողոքի ակցիա` նպատակ ունենալով այդ կերպ գրավել հասարակության ուշադրությունը սեռական խտրականության ու մարդու սահմանադրական իրավունքների խախտման խնդիրների վրա:
Ցուցարարները մերկ կրծքերով դուրս էին եկել փողոցներ` ձեռքներին պաստառներ:
Առավել զանգվածային թոփլես-ակցիան տեղի է ունեցել անցած կիրակի Նյու Յորքում` տոնի ոչ պաշտոնական օրվա պատվին` Կանանց` մերկ կուրծք ունենալու իրավունքի պաշտպանության (Go Topless Day) օրը:
Մանհեթենի փողոցներ էին դուրս եկել շուրջ 70 հազար ակտիվիստներ` հաճույքով թույլ տալով անցորդներին լուսանկարել իրենց:
«Կուրծք բոլորն ունեն: Տղամարդիկ հաճախ հանում են շապիկները, ու դրանում ոչ մի բան չկա: Այնպես որ, կանայք թոփլեսի իրավունք ունեն»,- The New York Daily News-ը մեջբերում է ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերը:
Նյու Յորքում ակցիան ավարտվել է ինքնաբերաբար, առանց որևէ միջամտության: Քաղաքում, ինչպես նաև ԱՄՆ մի շարք նահագներում հանրության առջև թոփլես հանդես գալը իրավախախտում չի համարվում, ինչը չի կարելի ասել երկրի այլ շրջանների մասին:








































