Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին:
Հանդիպմանը, որին ներկա է եղել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են ԼՂՀ-ում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Սմբատյանին` Արցախի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված համերգի համար՝ նշելով, որ այն մեծ խանդավառությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է ոլորտի զարգացման գործում նման միջոցառումների դերը և այս համատեքստում կարևորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:











































