10 դատապարտյալներ, որոնք ավելի վաղ մահվան էին դատապարտվել, ուրբաթ գիշեր Գամբիայում մահապատժի են ենթարկվել:
«Մոտ ապագայում նման ճակատագիր է սպասվում նաև մի շարք մարդկանց»,- ասվում է Amnesty International, իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Amnesty International-ի տվյալների համաձայն` մահապատժի ենթարկվածների թվում եղել է մեկ կին ու «պետական դավաճանության» համար դատապարտված երեք մարդ:
Կիրակի օրը ելույթ ունենալով Ազգային հեռուստատեսությամբ` երկրի նախագահ Յայա Ջամեն հայտարարել է, որ «ավելի վաղ կայացված մահվան դատավճիռները պետք է ի կատար ածվեն հաջորդ ամիս»:
Գամբիական բանտերում, ընդհանուր առմամբ, կան 47 մահվան դատապարտվածներ: AFP գործակալության տվյալներով`մահվան դատապարտված բոլոր, դեռ ողջ բանտարկյալներին մի տեղում են կենտրոնացրել:
Գամբիայում վերջին մահապատիժը իրականացվել է 1985թ.: Այն վերացվել էր նախկին նախագահ Դաուդ Ջավարի օրոք ու վերականգնվել էր 1995թ. իշխանության գլուխ եկած Յայա Ջամեի օրոք:










































