Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին լքել է երկիրը և մեկնել Վենեսուելա: Բացի այդ, համաարաբական ամենահեղինակավոր կազմակերպությունում` Արաբական երկրների լիգայում, Լիբիայի դեսպանը հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից և իր աջակցությունը հայտնել ցուցարարներին` կոչ անելով Լիբիայի դիվագետներին հետևել իր օրինակին:
Ի հաստատումն Քադաֆիի` երկիրը լքելու մասին տեղեկության` Reuters գործակալության փոխանցում է, որ Լիբիայում արևելքում բնակվող Ալ-Զուայա ցեղի առաջնորդ շեյխ Ֆարահ Ալ-Զուայը բնակչության դեմ բռնություններ կիրառելը դադարեցնելու վերջնագիր է ներկայացրել իշխանություններին` խոստանալով հակառակ դեպքում դադարեցնել նավթի առաքումներն այդ շրջանից: Մեկ այլ ցեղի առաջնորդ Աքրամ Ալ-Վարֆալլին Al-Jazeera հեռուստաալիքն տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք ասում ենք եղբայր Քադաֆիին, այսինքն՝ նա այլևս մեր եղբայրը չէ, որ նա լքի երկիրը»:
Այս տեղեկությունը տարածվելուց ավելի ուշ Լիբիայի առաջնորդի որդին` Սեյֆ Ալ-Իսլամը, հայտնել է, որ Քադաֆին երկրում է, իսկ բանակը կանգնած է նրա կողքին և «պայքարելու է մինչև վերջ»: Նա նաև ավելացրել է, որ, իհարկե, բանակը որոշ սխալներ գործել է` ցրելով ցույցերը: Խոսելով զոհվածների մասին` Սեյֆ Ալ-Իսլամը ասել է, որ ընդամենը 14 զոհ կա, միաժամանակ դրանում մեղադրել է օտարերկրյա ուժերին, որոնք ցանկանում երկրի տարբեր մասերում` Բենղազիում և Ալ-Բայդայում, առանձին կառավարություններ և պետություններ հիմնել: Նա նաև կոչ է արել ընդդիմությանը երկրում բարեփոխումներ իրակացնելու համար բանակցություններ սկսել:
Երեկ արևմտյան պետությունները հանդես են եկել Լիբիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է զենքի օգտագործումը խաղաղ ցուցարարների դեմ: Associated Press գործակալության հաղորդմամբ` Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Լիբիայի իշխանությունները պատրաստ են երկրում սահմանադրկան բարեփոխումներ իրականացնել (Լիբիան տասնամյակներ շարունակ եղել է Իտալիայի գաղութը, և երկու երկրների իշխանությունները սերտ կապեր պաշտպանում.– 1in.am)։
Հիշեցնենք, որ Լիբիայում փետրվարի 16-ից սկսվել են հակակառավարական ցույցեր, որոնց ժամանակ, տարբեր տվյալներով, զոհվել է 200-230 մարդ:









































