Շաբաթվա գլխավոր տնտեսական իրադարձությունը Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի պաշտոնական այցն էր Հայաստան: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես դրանից հետո հայտարարեցին երկու վարչապետները, քննարկվել են կողմերին հուզող բոլոր տնտեսական հարցերը` սկսած սահմանի համատեղ կառավարումից, վերջացրած ինֆլյացիայով:
Սակայն ամենակարևոր հայտարարությունը, որ արեց Վրաստանի վարչապետը` այն էր, որ Վրաստանի կառավարությունը չի վաճառելու «Հյուսիս-հարավ» գազատարի վերահսկիչ փաթեթը: «Կան ստրատեգիական նշանակության օբյեկտներ, և դրանց կառավարումը կշարունակի իրականացնել Վրաստանի կառավարությունը»,- հայտարարեց Վրաստանի վարչապետը:
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանը իր բլոգում գրառում կատարեց` նշելով, թե չափազանցված են ՀՀ-ից Վրաստան կապիտալի արտահոսքի վերաբերյալ տվյալները:
«Հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք իբր «փախչում են» Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջև: Վրաստանի վարչապետի հետ մենք պայմանավորվեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մեր շուկաները լինեն միասնական, իսկ տնտեսությունները՝ ավելի ինտեգրված:
Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են ՀՀ-ում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը: Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, և մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ»,- գրել է վարչապետը:
Այս շաբաթ մի քանի կարևոր տնտեսական բնույթի որոշում կայացրեց կառավարությունը: Նախ` այսուհետ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կգրանցվեն մեկ պատուհանում: Նման նախաձեռնության հեղինակը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Նախկինում գործում էր իրավաբանական անձի կամ ԱՁ պետական գրանցման բարդ ընթացակարգ, ինչը ժամանակատար էր, կոռուպցիոն ռիսկեր էր իր մեջ պարունակում, քանի որ անձը իրավաբանական անձ կամ ԱՁ գրանցելու համար պետք է երեք կառույցներից` Արդարադատության նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից և ՊԵԿ-ից ստանար համապատասխան թույլտվություններ: Նախատեսված է, որ այս նոր կարգը գործի մարտի 7-ից:
Կառավարությունը նաև փոփոխություններ կատարեց մի շարք որոշումներում, որոնց համաձայն փոքր ու միջին կազմակերպությունները այսուհետ ցանկության դեպքում կկարողանան ներկայացնել ավելի լայն ֆինանսական հաշվետվությունների փաթեթ, քան նախատեսված է փոքրերի համար: Բացի այդ` վերացվեց իրավաբանական անձանց համար կնիք ունենալու պարտադիր պահանջը:
Կարևոր էին նաև գյուղատնտեսությանը վերաբերող որոշումները, որոնցից կարելի է առանձնացնել երկուսը: Որոշվեց 450 հազար դոլար տրամադրել ՀԲ-ի հետ նախատեսվող ծրագրի իրականացումն սկսելու համար, որով օժանդակություն է տրամադրվելու գյուղական համայնքներին: Ծրագրի ողջ արժեքը 23 մլն դոլար է, իսկ ծրագիրը ներառում է 55 գյուղական համայնքներ:
Երկրորդ որոշումը վերաբերում էր նրան, որ 200 հազար բարձր որակի անվճար սերմնացու կտրամադրվի շուրջ 14 հազար գյուղացիական տնտեսությունների:
Նշենք նաև, որ ընթացիկ շաբաթում հրապարակվեցին 343 խոշոր հարկատուների մոնիտորինգի հերթական տվյալները, որոնց համաձայն` Հայաստանի 343 ամենախոշոր հարկատուները 2010թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քիչ են ավելացրել բյուջե վճարվող հարկերն ու այլ պարտադիր վճարները, քան այդ 343 հարկատուներից հետո եկող հարկատուները:









































