Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի փոխվարչապետ Ռոզ Նուրի Շավիսի գլխավորած տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը վաղը ժամանելու է Թեհրան:
Իրաքյան պատվիրակության կազմում են գտնվում նաև արդյունաբերության ու առևտրի, ֆինանսների, էներգետիկայի նախարարները, Իրաքի կենտրոնական բանկի ղեկավարն ու մաքսային ծառայության գլխավոր տնօրենը:
Իրաքյան պատվիրակությունն Իրանում հանդիպելու է փոխնախագահ Ալի Սեիդլուի հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել փոխադարձ ապրանքաշրջանառության բարձրացումը: Բացի այդ, քննարկվելու է Իրանում Իրաքի բանկի ստեղծման հնարավորությունը, ինչը կնպաստի տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացմանը:
Պլանավորված է նաև, որ իրանական եռօրյա այցի ընթացքում իրաքյան պատվիրակությունը հանդիպելու է նաև իրանցի այլ պաշտոնատար անձանց հետ: