Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանը քննադատել է ԱՄՆ-ին իր քաղաքացուհուն ապօրինաբար ձերբակալելու և մեկուսարանում պահելու համար: Իրանի քաղաքացի Շահրզադ Միր-Գոլիհանն ԱՄՆ-ում ձերբակալվել է մոտ 5 տարի առաջ՝ 2007 թվականի դեկտեմբերին, և ներկայումս ազատ է արձակվել:
Գոլիհանն այժմ հայտարարում է, որ ԱՄՆ-ը ապօրինաբար է ձերբակալել իրեն, ինչի համար պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան: Գոլիհանն այդ հայտարարությունն արել է Օմանից Թեհրան վերադառնալուց հետո:
Գոլիհանին Թեհրանում դիմավորել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը, որը ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է օրենք խախտել՝ ձերբակալելով Իրանի անմեղ քաղաքացիներին: Մեհմանպարաստը հավելել է, որ Իրանը մշտապես դատապարտել է այդօրինակ գործողությունները՝ Իրանի քաղաքացիներին խորհուրդ տալով այդ պատճառով չմեկնել ԱՄՆ: