Վրացական «Կվիրիս-Պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին համադասարանցի, ուսուցիչ Մայա Ունգիաձեն բաց նամակով դիմել է երկրի նախագահին, որում բացատրել է, թե ինչու նա և նախկին մյուս դասընկերները հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց քվեն չեն տալու իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը:
Ունգիաձեն, մասնավորապես, Սաակաշվիլիին մեղադրել է բոլշևիկյան մտածելակերպ ունենալու մեջ՝ ընդգծելով, որ ինքը ցանկանում է, որ Վրաստանը դառնա եվրոպական ընտանիքի անդամ: Նա հավելել է, որ Սաակաշվիլիի ղեկավարումը հանգեցրել է նրան, որ մարդիկ բաժանված են ճամբարների և ատում են միմյանց:
Բացի այդ, Մայան ընդգծել է իր ընտանիքի և իրեն ծանոթ բազմաթիվ ընտանիքների, այդ թվում՝ նաև Սաակաշվիլիի դասընկերների տնտեսական ծանր վիճակը: