«Ես ջանքեր եմ գործադրելու, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը արդարացի լուծում ստանա»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
1news.az-ի փոխանցմամբ, Բրայզան ասել է որ հակամարտությունը առաջնահերթ է լինելու իր դիվանագիտական գործունեության ընթացքում:
«Մենք, Մինսկի խմբի աջակցությամբ, ջանքեր կգործադրենք, որպեսզի կողմերը գան ընդհանուր հայտարարի և հակասությունները վերանան: Մինսկի խումբը չի կարող որոշումներ ընդունել կողմերի փոխարեն»,- հայտարարել է Բրայզան:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները հատուկ ուշադրություն է դարձնում այս խնդրին:
«ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցմանը` խաղաղ բանակցությունների արդյունքում, ինչպես նաև հակամարտության արդարացի հանգուցալուծմանը` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն»,- ասել է Բրայզան:






































