Բահրեյնի հիմնական ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ չեն պատրաստվում բանակցություններ սկսել իշխանությունների հետ:
«Մենք չենք տեսնում, որ իշխանությունները կամք ունեն բանակցելու` հաշվի առնելով զինվորականների առկայությունը փողոցներում»,- այս մասին հայտարարել է երկրում ամենաազդեցիկ ընդդիմադիր շիական ուժի` «Ուիֆաք» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Իբրահիմ Մատառը: Մատառը մինչև հինգշաբթի Բահրեյնի խորհրդարանի պատգամավոր էր, սակայն որպես բողոքի նշան լքել է այն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ երկրի թագավորը` Համադ բեն Իսա Ալ-Խալիֆան հանձնարարել էր երկրի թագաժառանգ արքայազն Սալմանին բանակցություններ սկսել քաղաքական բոլոր ուժերի հետ: Այս հանձնարարականը եղել էր այն բանից հետո, երբ մայրաքաղաք Մանամայում զինվորականները գնդակահարել էին խաղաղ ցուցարարներին, որի հետևանքով այս պահին հայտնի է 7 զոհվածի մասին, ավելի քան 100 մարդ վիրավորվել է հրազենից:







































