Հալեպի մարտական գործողությունները լրջորեն հարվածել են Սիրիայի դեղագործական արդյունաբերությանը: Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությանը:
«Հոմսում և Հալեպում, որտեղ տեղակայված են հիմնական դեղագործական գործարանները, կատաղի մարտական գործողություններ են ընթանում: Դրանք հանգեցրել են այդ գործարանների աշխատանքի դադարեցման, հետևաբար` դեղանյութերի դեֆիցիտի»,- ասված է հայտարարության մեջ:
ԱՀԿ-ի տվյալներով` մինչ զինված հակամարտությունը Սիրիայի բժշկական արդյունաբերությունը բավարարել է երկրի պահանջարկի 90 տոկոսը: Ներկայում այդ ոլորտը հումքի պակասություն ունի, բախվել է վառելիքի գնի բարձրացման հետևանքով արտադրական արժեքի բարձրացման և անվտանգության հետ կապված հարցերին:
ԱՀԿ-ն դեղանյութեր է մատակարարում Սիրիա, սակայն չի կարող ամբողջությամբ բավարարել երկրի բնակչության պահանջարկը:
Իշխանությունների և ընդդիմության զինված առճակատումը շարունակվում է 2011-ի մարտից: Ընդդիմությունը պահանջում է Բաշար Ասադի հրաժարականը` կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության դեմ իրականացված բռնությունների մեջ: Պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկիչների բանդաները»:









































