Հայաստանի քաղաքացիական ակտիվ հանրույթին զայրացրել է այսօր հրապարակված մի նամակ, որտեղ մի խումբ մտավորականներ կոչ են անում Ռուբեն Հայրապետյանին տեղի չտալ Վահե Ավետյանի մահվան շահարկումներին և վայր չդնել մանդատը: Սույն կոչը զայրացրել է Վահե Ավետյանի մահվան հանգամանքների լիարժեք իրավական, ինչպես նաև բարոյական պատասխանատվությանը հետամուտ քաղաքացիական ակտիվիստներին: Նման կոչերի թեʼ տեխնոլոգիական, թեʼ ընդհանրապես մարտավարությունը Հայաստանի հանրության համար նոր չէ:
Երբ որ հասարակական ճնշում է լինում ինչ-որ հարցում, իշխանական համակարգն անմիջապես հակադրում է այլ «հասարակության», թե իբր տեսեք, որ միայն դուք չեք հասարակությունը և ամբողջ հասարակությունը չէ, որ ձեր մասին է մտածում: Այստեղ, սակայն, այս պարզունակ հնարքը չէ խնդիրը, որը չի էլ աշխատում: Խնդիրն այլ է: Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանի պարագայում կարծես թե ավելի ու ավելի ռեալ է դառնում մի վիճակ, երբ նա կարող է մանդատը վայր դնելու մասին որոշումը չեղյալ համարել և հետ վերցնել իր դիմումը, քանի դեռ այն չի հնչել ԱԺ նիստում: Իսկ ինչպես հայտնի է, այդ դիմումը չի հնչել, որովհետև հերթական նիստը սեպտեմբերին է, իսկ արտահերթ նիստ հրավիրելու հասարակական պահանջը տապալվեց, որովհետև դրան չմիացավ ԲՀԿ-ն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Եվ հիմա, երբ մենք ականատես ենք լինում Ռուբեն Հայրապետյանին ուղղված նման նամակին, և սրանով, ըստ էության, բացահայտվում է մի պլան B, որով Հայրապետյանը կարող է մանդատը վայր չդնել, նաև պարզ է դառնում, որ Բարգավաճ Հայաստանը, արտահերթ նիստի ստորագրահավաքը տապալելով, ըստ էության, մասնակցում էր հենց այս պլան B-ին: ԲՀԿ-ն շատ լավ գիտեր և հանրությունն էլ զգուշացնում էր նման հեռանկարի մասին, որ Ռուբեն Հայրապետյանը կարող է և սեպտեմբերին հրաժարվել իր հայտարարությունից: Սակայն, ԲՀԿ-ն չգնաց արտահերթ նիստի միջոցով Հայրապետյանի մանդատազրկումը արագացնելու քայլին, այլ տապալեց այն:
Այսպիսով, հասարակության անունից հանդես եկող ԲՀԿ-ն իրականում խաղաց հասարակության դեմ՝ Ռուբեն Հայրապետյանի «թիմից»: Եվ այս պայմաններում, ըստ էության, կարելի է ասել, որ առաջին նամակ գրողը եղել է ԲՀԿ-ն, նոր հետո միայն այս մտավորականները: Բանն այն է, որ տապալելով ստորագրահավաքըʽ Բարգավաճ Հայաստանը նրանց է տվել նամակի թուղթն ու գրիչը, իսկ հետո որևէ մեկն էլ թելադրել է նաև բովանդակությունը:
Ի դեպ, զարմանալ պետք չի լինի, եթե հանկարծ պարզվի, որ բովանդակությունն էլ Հայ ազգային կոնգրեսն է թելադրել՝ ԲՀԿ-ի ամենանվիրված գործընկերը, որը ստորագրահավաքի տապալումից հետո այդպես էլ պատասխանատվության ոչ մի հարց չդրեց Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության առաջ, և, ավելին, նույնիսկ սկսեց անուղղակիորեն արդարացումներ փնտրել ԲՀԿ-ի համար ստեղծված իրավիճակում: Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պահեցին ու պահում են Ռուբեն Հայրապետյանին Ազգային ժողովում, իսկ այսպես ասած մտավորականների նամակը ընդամենը շղարշ է առաջին հերթին հենց նրանց համար, եթե իհարկե հասարակությունը չստիպի բոլորին դեն նետել այդ շղարշն ու խաղալ իր կանոններով, ոչ թե «քաղաքագիտական» կամ «շախմատային» կանոններով իրեն խաղացնել:










































