ԱՄՆ-ում օգոստոսի 6-ին 94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջութակահար-վիրտուոզ Ռուջերո Ռիչչի: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն: Ռիչչի որդի Ժան Ֆրանկոյի խոսքով՝ երաժիշտը մահացել է սրտային անբավարարության հետևանքով:
Ռիչչիին մեծ ճանաչում էր բերել Պագանինիի ստեղծագործությունների կատարումը: Երբեմն նրան անվանել են «XX դարի Պագանինի»: Նա առաջին երաժիշտն է, որը 1947 թվականին օրիգինալի նման ձայնագրել է Պագանինիի բոլոր՝ 24 կապրիսները:
Ռիչչին ծնվել է 1918 թվականին Կալիֆոռնիայում: Ջութակ նվագել սկսել է 6 տարեկանից: Նրան նվագել սովորեցրել է ամերիկացի ջութակահար Լուիս Փերսինջերը: 7 տարեկանում Ռիչչին հաղթում է տեղի մրցույթում, առաջին համերգը տվել 1928-ին Սան-Ֆրանցիսկոյում: Այդ ժամանակ նա 10 տարեկան էր: 1930-ականներին սովորել է Բեռլինում:
Իր կյանքի ընթացքում Ռիչչին 65 երկրներում հանդես է եկել ավելի քան 5000 համերգով:Նա զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ, դադարել է ելույթ ունենալ 2003 թվականին:









































