Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Ադնան Մանսուրի հետ:
Հանդիպման ժամանակ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը մշտապես պնդել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորումը հնարավոր է բացառապես ժողովրդավարական ճանապարհով, և ոչ թե զինված բախումների ու արյունահեղության միջոցով. «Մի շարք երկրներ ռազմավարական սխալ են գործել՝ Սիրիա ուղարկելով ահաբեկչական խմբավորումներ ու սպառազինելով ընդդիմադիր միավորումներին:
Այդ երկրները հուսով են, որ այդկերպ նրանք կամրապնդեն սեփական անվտանգությունը և տարածաշրջանում կպաշտպանեն սեփական շահերը: Սիրիայի իրական բարեկամները պետք է շարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտող կողմերը բանակցությունների անցկացման միջոցով հանգեն կոնսենսուսի: Անհրաժեշտ է Սիրիայում անցկացնել համընդհանուր ընտրություններ և հումանիտար օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը:
Տարածաշրջանի ժողովուրդները երբեք չեն հավատա, որ բռնապետական ռեժիմներին մշտապես աջակցող ԱՄՆ-ն ու Իսրայելը կվերածվեն մարդու իրավունքների ու ժողովրդավարության պաշտպանների»:
Ջալիլին Մանսուրի հետ քննարկել է նաև երկկողմանի հարաբերությունների հարցը՝ կոչ անելով ավելի ընդլայնել Իրանի ու Լիբանանի միջև հարաբերությունները:










































