Ամերիկյան ֆինանսական վերահսկիչ մարմինները բրիտանական Standard Chartered բանկին մեղադրում են իրանական ընկերությունների հետ ապօրինի գործարքներ կնքելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նյու Յորք նահանգի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի տվյալներով` Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը 2001-2007 թվականներին իրականացրել է շուրջ 60 հազար նմանօրինակ օպերացիաներ` 250 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով:
Standard Chartered-ը կասկածվում է հաշվետվությունների դիտավորյալ կեղծման մեջ, ինչի շնորհիվ թաքցրել են իրանցի գործընկերների հետ գործարքների իրականացումը: Իրանցի գործընկերների վրա են տարածվում ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները:
Ամերիկյան կողմի հաշվարկներով` նման գործարքները բանկին բերել են հարյուր միլիոնավոր դոլարներ:
Standard Chartered-ի բրիտանական ղեկավարությունը, կարգավորիչ մարմնի տվյալներով, տեղյակ է եղել ապօրինի գործարքներից, որոնք կատարվել են ամերիկյան մասնաճյուղում: 2006 թվականին, ինչպես ասված է կարգավորիչ մարմնի ներկայացրած փաստաթղթերում, ամերիկյան մասնաճյուղի թոփ-մենեջերներից մեկը նամակ է հղել Լոնդոն` ղեկավարությանը նախազգուշացնելով, որ բանկին սպառնում է լուրջ քրեական մեղադրանք:
Նշված խախտումների պատճառով բանկի մասնաճյուղը կզրկվի լիցենզիայից և կպատժվի խոշոր տուգանքով: Բանկի ամերիկյան մասնաճյուղի ղեկավարությունը օգոստոսի 15-ին կանչվել է Նյու Յորքի դատարան` բացատրություն ներկայացնելու առաջադրված մեղադրանքների առնչությամբ:
Մեղադրանքները մեկնաբանելով` Standard Chartered-ում հայտարարել են, որ ներքին հետաքննություն են անցկացնում` պարզելու համար, թե արդյոք տեղի ունեցե՞լ է ԱՄՆ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտում:









































