Եթե ընդամենը մեկ-երկու ամիս առաջ որևէ մեկը հայտարարեր, որ աշնանը Հայաստանի համար թիվ մեկ քաղաքական խնդիրը կարող է դառնալ Եվրասիական միության հարցը, շատերը դա կհամարեին չափազանցություն: Սակայն այսօր ակնհայտ է, որ այդ հարցն իսկապես դառնում է Հայաստանի համար քաղաքական առաջնային հարց, քանի որ Ռուսաստանը այդ հարցում բավական ինտենսիվացնում է ճնշումը պաշտոնական Երևանի վրա: Դա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի ներքաղաքական զարգացումները ածանցվելու են հենց այդ հարցից:
Այդպիսով, Հայաստանի քաղաքական դաշտն առաջիկայում բաժանվելու է երկու մասի, թեկուզ պայմանական, բայց երկու մասի՝ ուժեր, որոնք Եվրասիական միության կամ Պուտինի գաղափարների կողմնակիցներն են, և ուժեր, որոնք հանդես են գալիս Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն ապակենտրոնացնելու, Հայաստանը Եվրոպային ինտեգրելու և ինքնիշխանության մակարդակն էապես բարձրացնելու օգտին: Սա է դառնալու հայաստանյան ներքաղաքական կյանքի առաջնային դիլեման աշնանային զարգացումներում, նախագահական ընտրություններին ընդառաջ և սրանից էլ ածանցվելու են արդեն ներքաղաքական և տնտեսական այլ հարցեր, որ կարծարծվեն քաղաքական զարգացումների ընթացքում:
Այս իմաստով, իրավիճակը մի կողմից բարենպաստ է, մյուս կողմից բավականին ճակատագրական և վտանգավոր: Վտանգավոր է այն իմաստով, որ Ռուսաստանն աստիճանաբար իրավիճակը իր համար դիտարկում է լինել-չլինելու կոնտեքստում, իսկ դա նշանակում է, որ Մոսկվան կարող է Հայաստանում գնալ անկանխատեսելի քայլերի: Իսկ բարենպաստ է իրավիճակը այն իմաստով, որ վերջապես հստակվում է անկախ Հայաստանի ամենաառանցքային դիլեմաներից մեկը, որը ըստ էության արդեն իսկ լուծված պետք է լիներ, եթե Հայաստանի անկախության ընթացքում գեթ մեկ անգամ ձևավորված լիներ իսկապես որակյալ պետական էլիտա, որը կկարողանար հստակեցնել պետական և ազգային առաջնահերթություններն ու լուծել դրանք: Բայց, լավ է ուշ, քան երբեք: Իրավիճակի հստակման առումով իհարկե, որովհետև պետական էլիտայի առումով Հայաստանում իրավիճակը աստիճանաբար ոչ միայն չի լավացել, այլ նույնիսկ վատթարացել է: Միայն հուսադրող է այն, որ իրավիճակը վերջին տարիներին էապես բարելավվել է հասարակական էլիտայի առումով: Դա է Հայաստանի հույսը:








































