Ավստրալիայում հրապարակվել են 30 տարվա վաղեմության հետախուզական տվյալներ այն մասին, թե ինչպես երկրի անվտանգությունը կարող էր աղետալի կերպով խարխլվել ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև միջուկային կոնֆլիկտի առաջացման դեպքում:
1980թ. կազմված զեկույցում գերատեսչությունը զգուշացնում է վարչապետ Մալկոլմ Ֆրեյզերին, որ խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժելու պատճառով միջազգային թատերաբեմում առաջացած լարվածության սրացման պայմաններում ծովային կապի կայանը Հյուսիսարևմտյան հրվանդանում կդառնա Մոսկվայի առաջին թիրախը միջուկային պատերազմի սկսվելուց հետո: Հենց այդ տարածքի վրա հարվածի պատճառ, ըստ հետազոտողների, այն է, որ բազան հարձակողական միջուկայի համակարգի բաղադրիչ մասն է, գրում է The Sydney Morning Herald-ը:
Հետազոտողները զգուշացնում էին, որ այդպիսով Հյուսիսային կիսագնդի վրա միջուկային պատերազմի հետևանքները Ավստրալիայի համար կարող են լինել ավելի լուրջ, քան ռադիոակտիվ տեղումները: Տեղի կունենան տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական փոփոխություններ երկրի համար, կանխատեսում էին զեկույցի հեղինակները:
Բացի այդ, գերատեսչությունը եկել էր այն եզրակացության, որ միջուկային հարվածի վտանգ կար միայն ծովային կապի կայանի վրա: Ավստրալիայի կենտրոնում Փայն Գեփ արբանյակային բազան, Նուրունգհարիի հրթիռների հայտնաբերման համակարգը և խոշոր քաղաքները Մոսկվայի համար առաջնային խնդիր չէին հանդիսանում:
Ավստրալական մամուլը գրում է, որ երկրի համար Ռուսաստանի կողմից պոտենցիալ վտանգ գոյություն ունի նաև այսօր, քանի որ Ավստրալիայի տարածքի բազաները կարող են դառնալ ռուս զինվորականների թիրախ:









































