ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով աշխատանքից ազատվել են Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մհեր Մինասյանը և նույն բաժնի քննչական բաժանմունքի պետ Էդիկ Պետրոսյանը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղաս Ալոյանը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ Ա. Ալոյանն աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նա և Ճանապարհային ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանը փորձել են, այսպես ասած, «մաղարիչի» միջոցով բարձր պաշտոններ ստանալ ՃՈ համակարգում:
Փաստի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում և Ոստիկանության շտաբում ուսումնասիրվել է կատարվածը և հիմնավորվել, որ իրոք նշված անձիք են կատարել այդ քայլը:
Ստեղծված նյութերը, ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, Ոստիկանությունից ուղարկվել են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:









































