Իտալիան Գերմանիայի կողմից բարոյական, և ոչ թե ֆինանսական օգնության կարիք է զգում: Ինչպես հաղորդում է RBK-ն, գերմանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին:
«Եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա ես կմնամ կառավարության ղեկավար մինչև 2013թ. ապրիլ: Հույս ունեմ՝ որոշ եվրոպացի բարեկամների, հատկապես Գերմանիայի աջակցությամբ կկարողանամ փրկել Իտալիան ֆինանսական փլուզումից: Բայց ես անկեղծ եմ ասում. մեզ անհրաժեշտ է բարոյական, և ոչ թե ֆինանսական աջակցություն: Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ մենք գերմանական ֆինանսական օգնության կարիքը չունենք»,- ասել է Մոնտին:
Նա նշել է, որ Իտալիան ֆինանսական օգնության խնդրանքով չի դիմել Եվրամիությանը: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ գերմանացիների մեծ մասը համոզված է, որ Իտալիան ֆինանսական օգնություն է ստացել Գերմանիայից կամ Եվրամիությունից: Դա ճիշտ չէ: Մենք չենք ստացել ոչ մի եվրո»,- ընդգծել է վարչապետը:
Ավելի վաղ Իտալիայի Կենտրոնական բանկի ղեկավար Ինյացիո Վիսկոն հերքել էր Իտալիայի կողմից ԵՄ-ին ֆինանսական օգնության խնդրանքով դիմելու հնարավորությունը:
Իտալիայի պետական պարտքը հասնում է 2 տրլն եվրոյի: Փորձագետները կանխատեսում են, որ 2013թ. Իտալիան կհայտնվի ռեցեսիայի մեջ, բայց զգալի կրճատումներ տեղի չեն ունենա:









































