Իրանը որոշել է իր նախարարություններն ու այլ պետական գերատեսչություններ անջատել ինտերնետից` կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով: The Daily Telegraph-ի փոխանցմամբ` համապատասխան քայլը Թեհրանի կողմից կիրականացվի սեպտեմբերին:
Հրատարակությունը նշում է, որ երկրի տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Ռեզա Տագիպուրի խոսքով` այս միջոցառումը կապված է այն բանի հետ, որ ռազմավարական նշանակության տվյալներն ամբողջ աշխարհում խոցելի են: Տագիպուրը նաև կարծիք է հայտնել, որ համացանցը անվտանգության առումով վստահություն չի ներշնչում, քանի որ ղեկավարվում է մեկ կամ երկու երկրի կողմից, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ:
Թեհրանի տեխնոլոգիական համալսարանում ելույթի ժամանակ նախարարը հայտարարել է, որ դա հաջորդ տարի գործարկվելիք ազգային համացանց ստեղծելու նախագծի առաջին փուլն է:
Պարբերականը նշում է, որ Stuxnet և Flame վիրուսները, որոնք Իրանում վերջին մի քանի տարիներին վարակել են մեծ թվով համակարգիչներ, ենթադրաբար Իսրայելի և ԱՄՆ-ի մասնագետների մշակած համատեղ արտադրանքն են: 2010-ին հայտնաբերված Stuxnet վիրուսը հարձակումներ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների, իսկ այս տարի հայտնաբերված Flame-ը` նավթի նախարարության և արտահանման գլխավոր տերմինալի կայքերի վրա:









































