Գիտնականները ցանկանում են ուսումնասիրել Հիտլերի և Վագների հարսի նամակագրությունը, որպեսզի այդ նամակների մասին ներկայացնեն հանրությանը:
«Հիտլերը շարունակում էր կայսերական ավանդույթը և պահպանում ամենամյա Բայրոյթյան փառատոնը` Ռիխարդ Վագների բոլոր հետնորդներին վերցնելով իր հովանու տակ: Հռչակավոր երաժիշտը և տևտոնական ազգային-ռոմանտիկական դյուցազներգությունների պատմիչը, փաստորեն, ակնառու հակասեմիթական տրամադրություններ ուներ. նա հրաժարվում էր հրեական ծագում ունեցող օպերային երգիչներից: Այս տրամադրվածությունը հոգեհարազատ էր նաև նրա հարսին` Վինիֆրեդ Վագներին: Նացիզմի շրջանում հենց նա էր ղեկավաում փառատոնը և միշտ ոգևորությամբ էր ընդունում Հիտլերին, որին պաշտում էր:
Եվ հիմա, երբ մոտ 70 տարի է անցել Խորհրդային Միության հաղթանակից և 32 տարի` Վինիֆրեդի մահվանից, լեգենդ է պտտվում նրանց գաղտնի նամակագրության մասին: Ով գիտի, գուցե գոյություն ունեն նաև սիրային նամակներ: Սակայն մեծ կոմպոզիտորի ժառանգները առ այսօր չեն կարողանում գալ միասնական կարծիքի` հրապարակե՞լ նամակները, թե՞ ոչ:
Նրանց մյունխենյան տանը` չհրկիզվող սպիտակ պահարանում, Վինիֆրեդի մյուս նամակների կողքին պահվում են նաև Հիտլերին գրված նամակները: Գոյություն ունի ընտանիքի ևս մեկ գաղտնի հավաքածու` Վինիֆրեդի որդիներից մեկի` Վոլֆգանգ Վագների նամակագրությունը:
Բայրոյթյան փառատոնը մեծ ներդրում է ունեցել նացիզմի ձևավորման հարցում, ուստի պատմաբանները պետք է վերլուծեն իրավիճակը և որոշեն Վագներների ընտանիքի մասնակցությունը ռեժիմի հաստատման գործում, ասում է Յոհաննես Տուխելը` հակաֆաշիստական թանգարանի` Gedenkstätte Deutscher Widerstand-ի տնօրենը:
Իսկապես, ինչի մասին կարող էին գրել Վինիֆրեդը և ֆյուրերը: Այդ հարցը հետաքրքրում է պատմաբաններին և ԶԼՄ-ներին: Ասում են` Վինիֆրեդը «ամենակուլ կիրք» էր զգում Հիտլերի հանդեպ, նրանք միասին էին քննարկում, թե ինչիպիսի դաժան միջոցներ կան հրեաներին վերացնելու համար: Հիտլերը Վագներների տանը հաճախ էր լինում: Նրանց երեխաները պաշտում էին ֆյուրերին: Խոսում են նույնիսկ, որ երբ Վինիֆրեդը այրիացել է, Հիտլերը ցանկացել է նրա հետ ամուսնանալ:








































