Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին նախօրեին ժամանել է Սուեզի ջրանցքի շրջանում տեղակայված երկրորդ բանակ:
Պետության ղեկավարին, որը, ի տարբերություն իր նախորդների, գլխավոր հրամանատարը չէ, ուղեկցել է պաշտպանության նախարար մարշալ Մուհամեդ Հուսեյն Տանտաուին: Մուրսին մասնակցել է երեկոյան ճաշկերույթին, որը նվիրված էր Ռամադանի հերթական օրվա ավարտին, ապա ելույթով դիմել է զինվորականներին, այդ թվում նաև հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:
Նախագահը նշել է ժողովրդական հեղափոխության մեջ բանակի առանցքային դերը, սակայն հիշեցրել է, որ հենց ինքն է պետության` օրինականորեն ընտրված նախագահը, գրում է NEWSru.co.il-ը:
«Զինված ուժերը ենթարկվում են նախագահին, քանի որ այդպիսին է ժողովրդի կամքը: Ես ոչ ոքի թույլ չեմ տա վիրավորել ժողովրդին և նրա բանակը կամ էլ խանգարել Եգիպտոսին` իր ընտրած ժողովրդավարական ճանապարհով ընթանալու հարցում»,-հայտարարել է նա:








































