Մերիլին Մոնրոյի (Նորմա Ջին Մորտենսոն) մահից հինգ տասնամյակ է անցել: 1962 թվականի օգոստոսի 4-ի երեկոյան Մոնրոն զանգահարել է բրիտանացի դերասան Փիթեր Լոֆորդին, որն ամուսնացած էր Փեթի` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու քրոջ հետ: Մոնրոյի ձայնը քնկոտ է եղել, նա Փիթերին հրաժեշտ է տվել, իր փոխարեն խնդրել հրաժեշտ տալ կնոջն ու նախագահին: Մի քանի ժամ անց ամերիկյան էկրանի սեքս-խորհրդանիշին մահացած էին գտել Լոս Անջելեսի իր վիլլայում: Նրա մերկ մարմինը հայտնաբերվել էր անկողնում` դեմքով դեպի ներքև:
Փորձաքննությունը պարզել էր, որ մահը վրա է հասել բարբիտուրատ դեղորայքից առաջացած սուր թունավորման պատճառով: Ոստիկանությունը նրա մահը գրանցել էր «հավանաբար, ինքնասպանություն»: Նա մահացել էր` լսափողը ձեռքին:
Նրան թաղել են Վեսթվուդի գերեզմանատան դամբարանում` օգոստոսի 8-ին:
Մոնրոն ծնվել է 1926 թվականի հունիսի 1-ին: Ենթադրվում է, որ նրան անվանել են Նորմա Ջին Մորտենսոն` ի պատիվ այն ժամանակվա երկու ամենահայտնի դերասանուհիների` Նորմա Թոլմաջի և Ջին Հարլոուի: Մոնրոն նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, արժանացել բազմաթիվ պատվավոր մրցանակների:





















































