2014/2015 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նոր հովանավորը կդառնա General Motors-ը:
Ամերիկյան հանրահայտ ընկերությունն ու անգլիական ակումբը համագործակցության պայմանագիր են ստորագրել, որի արդյունքում «կարմիր սատանաները» զգալի եկամուտ կստանան: Պայմանագրի գործող ժամկետում ակումբը 599 մլն ԱՄՆ դոլար կվաստակի:
Նշված մրցաշրջանի մեկնարկից ակումբի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա Aon լոգոն կփոխարինվի Chevrolet-ով: Առաջին իսկ մրցաշրջանում ամերիկացիներն ակումբի բյուջե կվճարեն 70 մլն դոլար, իսկ հետո յուրաքանչյուր տարի 2.1%-ով ավելի, քան նախորդում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը:
Համաձայնագիրը նախատեսում է նաև, որ մինչև 2014/2015 թվականների մրցաշրջանի մեկնարկն ընկած 2 մրցաշրջանների համար (2012/2013 և 2013/2014) General Motors-ը կվճարի ևս 18.6 մլն դոլար:
Հարկ է նշել, որ գործարքի ֆինանսական կողմը հրապարակելուց անմիջապես հետո General Motors-ի մարքեթինգի գծով տնօրենը պաշտոնաթող է եղել:





































