Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ, Այդինից ընտրված պատգամավոր Մեթին Լյութֆի Բայդարը դիմել է վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ պահանջելով տվյալներ տրամադրել վերջին 10 տարվա ընթացքում ահաբեկչության (PKK-ի) դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին:
Սակայն ընդդիմադիր պատգամավորին պատասխանել է պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը: Վերջինիս ներկայացրած տվյալներով՝ վերջին 10 տարում գրանցվել է 10,080 բախում, որոնցից 2152-ը կարելի է որակել որպես թեժ: Խոսքը վերաբերում է ականային հարձակումներին, պայթուցիկ նյութերի գործածմանը, խափանարար աշխատանքներին, ճանապարհը կտրելուն և մարդկանց առևանգելուն:
Այդ բախումների հետևանքով զոհվել է 818 զինծառայող, որոնցից 233-ը բաժին է ընկել 2010 թվականի հունվարից հետո ընկած ժամանակաշրջանին: Նույն ժամանակահատվածում վիրավորվել է նաև 537 զինծառայող:
Հիշեցնենք, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության է եկել 2002 թվականի նոյեմբերին:









































