Վաղը` օգոստոսի 4-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու) կկայանա գրական-երաժշտական երեկո` նվիրված Մարկ Շագալի ծննդյան 125-ամյակին:
Ռուսական արվեստի թանգարանը երեկոյին կներկայացնի մեծանուն նկարչի «Իմ կյանքը» գրքից հատվածներ և բանաստեղծություններ, որոնք կհնչեն ասմունքող Աննա Միքաելյանի կատարմամբ: Երեկոյի գրական հատվածը կուղեկցվի Շագալի կյանքի և ստեղծագործության մասին պատմող տեսաֆիլմով: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը «Մենորա» հրեական մշակույթի կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովն է, երաժշտության հեղինակը` Վիլլի Վայները:
Անցած դարասկզբում Շագալի ստեղծագործությունները եվրոպական արվեստում գնահատվում էին որպես յուրահատուկ երևույթ: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում նուրբ գեղագունությամբ: Ժամանակի տարբեր ոճերն ու ուղղությունները միավորող գեղանկարներից, գրաֆիկական աշխատանքներից, վիտրաժներից և նկարազարդումներից բացի մեծ նկարիչն իր կյանքի ընթացքում զբաղվել է նաև գրական գործունեությամբ` հեղինակելով բազմաթիվ բանաստեղծություններ, հրապարակախոսական էսսեներ, հուշագրություններ:
Միջոցառման սկիզբը` ժ. 17.00-ին: