Ասելով հզոր թեկնածու` ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նկատի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն` անդրադառնալով Լևոն Զուրաբյանի խոսքին, թե միասնական թեկնածուն կլինի հզոր թեկնածու: «Զուրաբյան Լևոնն այլ մարդ հզոր թեկնածու չի կարող պատկերացնել և այլ թեկնածուի մասին չի կարող խոսել»,- նկատեց Պետրոս Մակեյանը:
Հարցին, թե Լևոն Զուրաբյանը չէ՞ր կարող հզոր թեկնածու ասելով Գագիկ Ծառուկյանին նկատի ունենալ, ասաց, որ չէր ցանկանա այդ հարցին պատասխանել, քանի որ դա բավական կոպիտ կհնչեր: Նա հիշեցրեց 2007 թվականի իմպիչմենտի կարգախոսը: « Դա կլինի վերադարձ 2007 թվականին, որի «ոչ»-ի փոխարեն «այո» կլինի, բայց Գագիկ Ծառուկյանն ի՞նչ հզոր թեկնածու, նա կարող է ֆիզիկապես շատ հզոր է, բայց նա քաղաքականության մեջ ի՞նչ հզոր թեկնածու»,- մեկնաբանեց Պետրոս Մակեյանը:












































