Բուլղարական Բուրգաս քաղաքի դատախազությունը դիմել է Եվրամիության մի շարք երկրներիʽ օգնության խնդրանքով, որպեսզի հետևի հուլիսի 18-ին ահաբեկչության մեջ մեղադրվող անձի բջջային հեռախոսի հնարավոր զանգերն ու խոսակցությունները:
Քննիչները պայթյունի վայրում գտել էին SIM-քարտ, որը, ինչպես ենթադրում են, պատկանել է ահաբեկչին, հայտնում է ZMAN.com-ը:
Քննիչները հույս ունեն վերծանել քարտի վրայի կոնտակտները: 24 Chassa թերթի տվյալով` Բրյուսելում տեղակայված իրավական օգնության Eurojust եվրոպական ցանցը սկսել է զուգահեռ դիտարկել վարկածը, որ կասկածյալը կարող էր լինել Բելգիայից կամ ԵՄ անդամ որևէ երկրից:
Մի քանի օր առաջ Eurojust-ի ներկայացուցիչները կապվել էին Բուրգասի իշխանությունների հետ` խնդրելով տրամադրել տեղեկություն հնարավոր «բելգիական կապի» մասին:
Ինչպես պնդում են որոշ ականատեսներ, ենթադրյալ ահաբեկիչը ազատ խոսել է ֆրանսերեն ու կոտրտված անգլերենով:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ ահաբեկիչը, որը Բուրգասի օդանավակայանում դարձել էր պայթյունի պատճառ, կարող էր լինել բրիտանահպատակ: .








































