Բաքվում հայտարարում են, որ սեփական սահմանների պաշտպանության համար իրենց 7 ռադիոտեղորոշիչ կայան է անհրաժեշտ:
Ադրբեջանը ոչ միայն բանակցում է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ, այլև մտադիր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Կասպյան ափի երկայնքով 7 ՌՏԿ տեղակայել: Դրանք անհրաժեշտ են ռազմածովային նավատորմին, առափնյա պահպանությանը և Ադրբեջանի պետական սահմանային ծառայությանը` ծովային հետախուզության, մաքսանենգության դեպքերի հայտնաբերման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարի համար:
Յոթ ՌՏԿ-ների մասին տեղեկությունը հայտնվել է 2011 թվականի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի` Ահաբեկչության դեմ պայքարի վարչության զեկույցի հրապարակումից հետո: Զեկույցում նշված է ահաբեկչության դեմ պայքարում, կենսաքիմիական սպառնալիքի տարածումը կանխարգելելու, փողերի լվացման և սահմանային վերահսկողության ուժեղացման առնչությամբ Ադրբեջանի կառավարության ջանքերի մասին:
Որոշ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ ՌՏԿ-ները առաջին հերթին կարող են ուղղվել հարևանների դեմ:
Անկախ ռազմական փորձագետ Նիզամի Սեիդովը Независимая газета-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ այդ ՌՏԿ-ները նախ` թույլ հզորություն ունեն, երկրորդ` անհրաժեշտ են Ադրբեջանին հենց անվտանգության ապահովման և երկրի ծովային սահմանների մոնիտորինգի համար: Նրա խոսքով` նման ՌՏԿ ունի ցանկացած երկիր, որը ծովային սահմաններ ունի, և չարժե դրանից սենսացիա սարքել:









































