Ամերիկյան ֆոնդային շուկայի խոշորագույն բրոքերներից մեկը` Knight Capital Group-ը, երկու օրում 440 մլն դոլարի կորուստ է ունեցել: Այն ֆինանսական գործընկեր է փնտրում, և շատ շտապ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ազգային ձեռնարկությունների բաժնետոմսերի առևտրի ծավալով խոշորագույն ընկերությունը պատրաստ է դիտարկել «ցանկացած արժանի» տարբերակ:
Ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի ընկել են 33 տոկոսով, իսկ հինգշաբթի` ուղիղ կեսով: Մեկ բաժնետոմսի արժեքը հասել է 3,41 դոլարի: Պատճառը բրոքերի ծրագրային աշխատանքի լուրջ խափանումներն են: Վնասը կազմում է 440 միլիոն դոլար, ինչը 3,8 անգամ գերազանցում է ընկերության անցած տարվա շահույթը:
Ֆինանսական ոլորտի անկախ վերլուծաբանները կանխատեսում են Knight Capital Group-ի սնանկացման հնարավորությունը: Ենթադրվում է, որ ընկերությունը չի կարողանա գործընկեր գտնել: Փորձագետները հիշեցնում են, որ մայիսին խումբը կորցրել էր 35,4 մլն դոլար` Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գործարքի անհաջող օպերացիաների պատճառով, որի հիմքում կրկին խափանումներն էին:










































