ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճռի մասին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի ցանկանում խոսել: Այնուամենայնիվ, «Առաջին լրատվական»-ին հաջողվեց Ալիկ Սարգսյանից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ:
-Պարոʼն Սարգսյան, հիմա գո՞հ եք այս դատավճռից, եթե հաշվի առնենք, որ մի առիթով մեզ տված հարցազրույցում ասել էիք. «Եթե ինձ հարցնեն, ես կասեմ, որ սխալ է Տիգրանին բաց թողելը»:
-Տիգրան Առաքելյանը հանցանք է թույլ տվել, ինչպես մյուս հանցագործները: Ըստ այդմ, գնահատվել է նրա արարքը, որի կապակցությամբ հաստատվել է ամեն ինչով, քննչական ծառայությունով, դատախազությունով գնացել է դատարան, դատարանը վճիռ է կայացրել: Ես Տիգրան Առաքելյանին կյանքում չեմ տեսել, չեմ ճանաչել, ոչ էլ ուզում եմ ճանաչել: Տիգրան Առաքելյանը ոչ իմ հասակակիցին է, ոչ մի կապ մենք իրար հետ չենք ունեցել, երբեք մենք իրար հետ չենք խոսել: Նա ոստիկանի նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել, դատապարտվել է, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես մի անգամ եմ իր հետ առնչվել, այն էլ լավություն եմ արել, ոչ թե վատություն: Դրանից հետո ինքը երկրորդ արարքը թույլ տվեց: Ինքը գիտի՝ ես իրան միշտ պիտի պաշտպանեմ: Հանուն ինչի՞ պիտի ես այդ տղային պաշտպանեմ, ոʼչ ճանաչում եմ, ոʼչ գիտեմʽ ով է: Ի՞նչ կապ ունեմ ես նրա հետ, կամ ինչի՞ պիտի պաշտպանեմ, երբ նա իմ ոստիկանի նկատմամբ է հանցագործություն թույլ տվել:
-Բայց 6 տարվա ազատազրկման դատավճիռը չե՞ք կարծում, որ խիստ է նման արարքի համար:
-Ես չեմ ուզում գնահատել, դատարանի վճիռը ես քննարկման առարկա չեմ դարձնում: Դատարանն է որոշում, դատարանը գտել է, որ նրա հանցանքը համարժեք է: Որպես նախկին ոստիկնապետ էլ, որպես մարդ էլ ես դատարանի վճիռը չեմ քննարկում, դատարանն ինքն է որոշում: Ես ինչի՞ քննրակեմ այդ հարցը, գտնեմ, որ քի՞չ ա դատապարտել, թե՞ շատ, իմաստը ո՞րն է: Արդյո՞ք դա անհամեստություն ու անհասկացողություն չի լինի: Դատարանը շատ էլ լավ քննարկել է ու համարժեք էլ վճիռ է կայացրել, ես ի՞նչ ասեմ:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ երիտասարդների ակցիաների դեմ այս օրերին անցկացվող ակցիաներին:
Ես ակցիաներից տեղյալ չեմ, ես արձակուրդում եմ եղել, ընդամենը 2 օր է՝ ես Երևանում եմ: Թերթեր չեմ կարդում, հեռուսատացույց համարյա չեմ նայում, ոչ մի հաղորդում չեմ նայում: Ես ուզում եմ իմ արձակուրդը լիարժեք օգտագործել ու գնալ աշխատանքի: Մնացած բաներն այս պահին ինձ քիչ են հետաքրքրում՝ ակցիա կա, չկա:









































