L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրը վաճառել է դ’Արոս կղզին Սեյշելյան կղզիներում, հաղորդում է BBC-ն:
Կղզին վաճառվել է 60 մլն դոլարով, ինչը 3 անգամ ավելի թանկ է, քան այն գնվել է 1998թ. (18 մլն դոլար): Սեյշելյան կղզիների պաշտոնյան հայտնել է, որ Բետանկուրը նաև համաձայնել է կարգավորել այդ կղզում չվճարված 8 մլն դոլար հարկերի հարցը:
Կղզու գնման մասին հայտնի էր դարձել 2010թ., երբ Բետանկուրի դեմ հետաքննություն էր սկսվել Ֆրանսիայի հարկային ծառայության կողմից: Այդ ժամանակ ԶԼՄ-ները պնդում էին, որ L’Oreal-ի նախկին ղեկավարը Ֆրանսիայի իշխանություններին չի հայտնել կղզու ձեռքբերման և շահագործման մասին:
Այս պահին Բետանկուրը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Նա մեղադրվում է այն բանում, որ 800 հազար եվրո է տրամադրել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ընտրարշավի համար:
Սեյշելյան կղզիների նախարարներից մեկը՝ Քրիստիան Լիննետը, հայտարարել է, որ Բետանկուրն իր կղզին և դրան հարող տարածքները վաճառել է շվեյցարական Save Our Seas Foundation ընկերությանը: Իր հայտարաության մեջ ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել կղզիները, որոնք կրիաների զարգացման հիմնական վայրն են: Ընկերությունը խոստանում է իր վրա վերցնել ամեն բան, ինչ անհրաժեշտ է այդ բացառիկ հողատարածքի պաշտպանության և դրա էկոլոգիական ժառանգության պահպանման համար:
Բետանկուրը համաձայնել է Սեյշելյան կղզիների կառավարությանը վճարել 8 մլն դոլար հարկ, որը չէր վճարվել կղզին գնելիս: Նա նաև կվճարի ևս 10.5 մլն դոլար՝ որպես պետական տուրք, և այլ տեսակի հարկեր:









































