Պենտագոնը պատրաստվում է առաջիկայում ավելացնել Ասիախաղաղօվկիանոսյան տարածաղրջանում ռմբակոծիչների և սուզանավերի քանակը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պլանավորման հարցերով տեղակալ Ռոբերտ Շերը:
Հունվարի սկզբին Սպիտակ տունը հայտարարեց, որ սկսում է իրականացնել պաշտպանական նոր ռազմավարություն, որի համաձայնʽ ամերիկյան բանակը պետք է դառնա ավելի մոբիլ և ժամանակակից, իսկ ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն պետք է ունենա ասիախաղաղօվկիանոսյան և մերձավորարևելյան տարածաշրջանը:
«Մենք այլ անկյունից ենք նայում Գուամում (Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում-1in.am) ռազմավարական բազայի ամրապնդման ծրագրերին»,- ասել է Շերը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պենտագոնը պատրաստվում է լսել փորձագետների խորհուրդները և ուժեղացնել այդ տարածաշրջանում ավիացիոն բաղադրիչները և սուզանավերը:
Գուամում տեղակայված են ամերիկյան B-52 ռմբակոծիչները և առնվազն 3 սուզանավ:
Անցալ շաբաթ վաշինգտոնյան CSIS հետազոտությունների ինստիտուտը զեկույց էր պատրաստել, որում խորհուրդ էր տալիս Պենտագոնին Գուամ ուղարկել մի քանի լրացուցիչ սուզանավʽ տարածաշրջանում Չինաստանի նկատմամբ ռազմական առավելություն պահպանելու համար: Բացի այդ, CSIS-ը խորհուրդ էր տվել մշտական սկզբունքով բազայում տեղակայել 12 ռմբակոծիչ:
Շերի խոսքերով՝ իրենք ուսումնասիրում են զեկույցը, սակայն վերջնական որոշում կընդունենʽ «հաշվի առնելով խոր հեռանկարների լայն ուսումնասիրությունը և ուշադրություն դարձնելով մրցակցության պահանջների վրա»:
Հիշեցնենք, որ հունիսին Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել էր, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ն կընդլայնի ռազմածովային ուժերը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, իսկ 2020թ. ռազմածովային ուժերի 60%-ը կուղարկվի այդ տարածաշրջան:









































