Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեկնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ, ուր և հանդիպել է ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ:
Հանդիպման քննարկման գլխավոր առարկան է հանդիսացել Սիրիայի հարցը և, մասնավորապես, Սիրիայի հյուսիսում ընթացող քրդական զարգացումները: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանային ինքնավարության ղեկավարությունը ստացավ իրենց ուղերձը.
«Ես դրականորեն եմ գնահատում Բարզանիի հետ հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք համատեղ գործունեության ծավալման շուրջ: Մենք ցանկանում ենք տարածաշրջանային խաղաղություն ու բարօրություն: Ձեզ հետ մեր զարգացած հարաբերությունները դրա ամենամեծ ապացույցն են:
Այս վիճակը մեր քուրդ եղբայրների հետ կապված մի քաղաքականություն չէ: Քրդերն այնտեղ դարեր ի վեր բնակվել են և կբնակվեն: Մենք նրանց երբեք չենք դիտարկել որպես սպառնալիք: Սակայն մենք թույլ չենք տա, որ մեր սահմանին ծավալվեն ահաբեկչական տարրեր: Թուրքիայի ակնկալիքները շատ պարզ են»:
Դավութօղլուն հավելել է, որ իրենք կարևորում են Սիրիայի միասնությունն ու տարածքային ամբողջականության պահպանումը՝ ընդգծելով, որ Թուրքիային մեծապես մտահոգում է Սիրիայի հյուսիսում «վտանգավոր կառույցի» ի հայտ գալը:








































