Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթը հայտարարել է Օլիմպիական խաղերի հյուրընկալման հայց ներկայացնելու՝ քաղաքի պատրաստակամության մասին: Այս մասին հաղորդում է Berliner Kurier-ը: Նա նշել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, երբ նախաձեռնությունը հավանության արժանանա Գերմանիայի քաղաքացիների և տեղի օլիմպիական կոնֆեդերացիայի կողմից: Խոսքը 2024 կամ 2028 թվականների խաղերի մասին է:
Վերջին անգամ Բեռլինը օլիմպիական հայց է ներկայացրել 1993 թվականին՝ ցանկանալով հյուրընկալել 2000 թվականի խաղերը: Հայցը ձախողվել է: Մինչ այդ Բեռլինում Օլիմպիական խաղեր անցկացվել են մեկ անգամ՝ 1936 թվականին, սակայն ընկալվել են որպես նացիստական քարոզչություն:
Քաղաքապետի այս հայտարարությունը դիտարկվում է որպես մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների վրա ուշադրություն գրավելու փորձ: Այդ խնդիրները խանգարում են միջազգային մակարդակով նման միջոցառման անցկացմանը:
Դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի բեռլինյան նոր օդանավակայանը: Այն պետք է աշխատանքը սկսեր 2011-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս շինարարությունը շարունակվում է, դեռ քննարկվում է երրորդ թռիչքուղու կառուցման հարցը:
Բացի այդ՝ քաղաքում տրանսպորտային բազմաթիվ խնդիրներ կան:








































