ԱՄՆ-ում տեղակայված «Բժիշկները մարդու իրավունքների համար» իրավապաշտպանական կազմակերպությունը կոչ է արել արգելել Բահրեյնին արցունքաբեր գազի վաճառքը այնքան ժամանակ, քանի դեռ հետաքննություն չի անցկացվել այդ երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ չափազանց մեծ քանակությամբ արցունքաբեր գազի կիրառման գործով:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այսօր հրապարակված կազմակերպության զեկույցում ասվում է, որ արցունքաբեր գազի չափազանց մեծ քանակի կիրառումը հանգեցրել է մի քանի ցուցարարների մահվան:
Բահրեյնի իշխնաությունները հերքում են այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ բողոքի ակցիայի ժամանակ անվտանգության ուժերի կիրառած միջոցառումները միանգամայն համապատասխանում են միջազգային չափանիշներին:
Բահրեյնում անցյալ տարվա սկզբին շիա ընդդիմությունը բողոքի ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով ընդլայնել իրենց իրավունքները: Այդ ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 50 մարդ:








































