Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են դաժան սկեսրոջ կողմից տանջանքների և կտտանքների ենթարկված հարսի՝ Մարիամ Գևորգյանի գործով դատական նիստերը:
Վաղը տեղի կունենա հերթական դատական նիստը: Ինչպես նախորդ նիստերին, վաղը ևս «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն դատարանի շենքի մուտքի մոտ ժամը 12-ին կկազմակերպի ակցիա` ի պաշտպանություն Մարիամ Գևորգյանի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի անդամ կազմակերպության ներկայացուցիչ Ադրինե Տեր-Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ առավոտյան 10.30-ին շարժվելու են Երևան քաղաքից, որպեսզի 12-ին լինեն դատարանի շենքի մոտ և նիստը սկսելուն պես՝ սկսեն ակցիան: «Մենք պահանջում ենք բաց և արդար դատավարություն»,- նկատեց Ադրինե Տեր-Պողոսյանը:
Նշենք, որ ինչպես ինքը՝ տուժած հարսն է պատմում, սկեսուրը՝ Հայկանուշ Միքայելյանը, որդու` Դավիթ Զիրոյանի հետ իրեն խոշտանգումների է ենթարկել: Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նրան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել: Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն:
Ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծի» հոդվածներով, որի համաձայն՝ նրան կարող էին դատապարտել մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:
Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113 («Միջին ծանրության վնասվածքներ հասցնել») և 119 («Խոշտանգում») հոդվածներով:







































