Բարաք Օբամայի վարչակազմը կարծում է, որ վերջին տարիներին իրենց հաջողվել է հասնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամենակոշտ ռեժիմի, որի հետ երբևէ բախվել է այդ երկրի կառավարությունը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսին: Վերջինս մեկնաբանել է օրենսդիրների կողմից Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների նոր բանաձևի համաձայնեցումը:
Նա նշել է, որ պատժամիջոցները սկսել են զգալի ազդեցություն ունենալ Իրանի և նրա տնտեսության վրա:
Ռոդսը նշել է, որ հունիսին իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի բեռնարգելքի պատճառով իրանական նավթի մատակարարումները համաշխարհային շուկա կրճատվել են 40 տոկոսով: Միջազգային էներգետիկայի գործակալության տվյալներով` եթե 2011-ին Իրանն արտահանում էր օրական 2,5 միլիոն բարել հումք, ապա այս տարվա հունիսին արտահանումը կազմել է ընդամենը 1,5 մլն բարել: Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով` սա նշանակում է, որ յուրաքանչյուր եռամսյակում Իրանը 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում:
Միաժամանակ, խոշոր ամերիկյան և եվրոպական ընկերությունները իրենց բիզնեսը հանել են Իրանից, ինչի հետևանքով ազգային արժույթի` ռիալի արժեքը անցած տարի 38 տոկոսով ընկել է:









































