Հայաստանում կրոնական ազատությունը պաշտպանվում է Սահմանադրությամբ և գործանականում հարգվում է կառավարության կողմից: Նման եզրակացություն է պարունակում այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած Կրոնական ազատության միջազգային զեկույցը: Կան որոշ օրենքներ, որոնք սահմանափակում են կրոնական խմբերի ներկայացուցիչների դավանանքի ազատությունը, սակայն կառավարությունը իրավական սահմանափակումներ չի կիրառում: Պետդեպարտամենտը Հայաստանը համարում է կրոնական ազատությունը հարգող երկիր, սակայն նկատում, որ կառավարությունը միտում չի դրսևորել կրոնական ազատությունների պաշտպանության և բարելավման ուղղությամբ:
Զեկույցում ներկայացված է Հայաստանի կրոնական բաշխվածության պատկերը: Քաղաքացիների 90 տոկոսը հարում է Հայ առաքելական եկեղեցուն:
Հայաստանում կան կրոնական տարբեր խմբերի պատկանող փոքր համայնքներ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է բնակչության ընդհանուր թվի առավելագույնը 5 տոկոսից: Եզդիները (իսլամ չընդունած քրդերը, որոնք պատկանում են եզդիականությանը) հիմնականում կենտրոնացած են Արագած լեռան գյուղատնտեսական նշանակության տարածքներում: Հայ կաթոլիկները ապրում են Հայաստանի հյուսիսային հատվածում, իսկ հրեաները, մորմոններն ու ուղղափառ քրիստոնյաները՝ Երևանում: Մայրաքաղաքում են տեղակայված նաև մուսուլմանները(հիմնականում շիաներ)՝ իրանցիները և Մերձավոր Արևելքից ժամանակավոր բնակիչները:
Օրենքը Հայ Առաքելական եկեղեցուն տալիս է արտոնություններ, որոնք անհասանելի են կրոնական այլ խմբերի համար: Օրինակʽ Հայ Առաքելական եկեղեցուն թույլատրվում է մշտական ներկայացուցիչներ ունենալ հիվանդանոցներում, մանկատներում, բանակում և այլն: Օրենքը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերը հասարակության մեջ, իսկ քաղաքացիներն այն համարում են ազգային ինքնության և մշակութային ժառանգության մի մաս:
Չնայած օրենքն արգելում է աղանդների օտարերկրյա ֆինանսավորումը, սակայն կառավարությունը արգելք չի կիրառում:
«Եհովայի վկաների» փոխանցմամբ՝անցած տարի իրենց 13 ներկայացուցչներ դատապարտվել են զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար: Նրանցից 8-ը դատապարտվել են 30 ամսվա , 4-ը՝ 24 ամսվա, իսկ 1-ը՝ 36 ամսվա ազատազրկման:
Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի կրոնական պատկանելիության և գործունեության հիման վրա հասարակական ճնշումների դեպքերի մասին (օրինակ՝ Մալաթիա Սեբաստիա համայնքում «Եհովայի վկաների» անդամ Անդրանիկ Մակվեցյանին և Հայ Առաքելական եկեղեցու քահանա Արտակ Արտենյանի գործը): Շատ ԶԼՄ-ներ կողմնակալություն են դրսևորում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, ոմանք դրանում նույնիսկ քննադատում են Առաքելական եկեղեցուն:








































