Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ հունիսի 19-ին երկրի խորհրդարանի կողմից ընդունվածʽ Թուրքիայում տնտեսության զարգացման խթանման օրենքը նախատեսում է ներդրողների համար հարկերի թեթևացում.
«Ընդ որում, խոսքը գնում է այն ներդրողների մասին, որոնք միջոցներ կներդնեն երկրի առավել հետամնաց նահանգներում: Այդ ներդրողները կստանան մի շարք արտոնություններ: Պետությունը երկրի առավել հետամնաց նահանգներում ներդրումներ անող ձեռնարկատերերին կհատկացնի անհրաժեշտ շինություններ: Դրա հետ մեկտեղ, ներդրողները հավելյալ արտոնություններ կստանան տվյալ շրջաններում հողատարածք գնելու համար, ուր և նրանք կանեն իրենց ներդրումները:
Ներդրումների խթանման օրենքի ընդունումից հետո մեր նախարարությունը երկրի տարբեր շրջաններում ներդրումներ անել պատրաստվող ձեռնարկատերերից արդեն իսկ ստացել է 480 դիմում: Ընդհանուր առմամբ, այդ նախագծերը գնահատվում են 5.5 միլիարդ դոլար: Այդ նախագծերի իրագործման շնորհիվ կստեղծվեն հազարավոր նոր աշխատատեղեր»:











































