Երուսաղեմում Լացի պատի ադմինստրացիան դուրս է հանել ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի և նրա տիկնոջ գրությունները, որոնք նրանք հուլիսի 29-ին դրել էին պատի քարերի արանքում, հաղորդում է NEWSru Israel-ը:
Դա արվել է նրա համար, որպեսզի գրությունները չգողանային, ինչպես դա տեղի էր ունեցել 4 տարի առաջ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբամայի գրառումների հետ, հստակեցրել է հրատարակությունը:
Ռոմնին Իսրայել կատարած այցելության ժամանակ հանդիպել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի և նախագահ Շիմոն Պերեսի հետ: Բանակցությունների հիմնական թեման եղել է իրանական միջուկային ծրագիրը, նշում է պորտալը: Ռոմնին Երուսաղեմում հանդիպել է նաև պաղեստինյան ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ, սակայն բանակցությունների թեման դեռ չի հրապարակվել:
Հիշեցնենք, որ 2008 թվականի հուլիսի 24-ին այն ժամանակ լինելով դեռ ԱՄՆ նախագահի թեկնածու Բարաք Օբաման գրություն էր թողել Լացի պատի մեջ: Սակայն նրա գրությունը գրեթե նույն պահին գողացել էին և գրության բովանդակությունն անմիջապես հայտնվել էր սկզբում իսրայելական, ապա համաշխարհային ԶԼՄ-ներում:









































