Ըստ ռուսական Коммерсант թերթի, մահապարտ ահաբեկիչ Մագոմեդ Եվլոևը, որն իրականացրել էր «Դոմոդեդովո» օդանավակայանի ահաբեկչությունը, ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմում: Այս մասին թերթին տեղեկացրել են Պրիմորսկի մարզի իրավապահները:
Ըստ թերթի աղբյուրի` Եվլոևը զինվորական պատրաստություն է անցել ծովային հետևակի 165-րդ գնդում, որից հետո նրան գործուղել են Սմոլյանինովո գյուղաքաղաք՝ ծառայելու նավատորմի մեկ այլ ստորաբաժնում: Երեք ամիս անց նա վերադարձել էր Ինգուշիա, որտեղ նրան բանակից ազատել էին իբր խրոնիկ հիվանդության սրացման պատճառով:
Խաղաօվկիանոսյան նավատորմի շտաբն այս տեղեկությունը չի հաստատել, սակայն չի էլ հերքել:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Նիկոլայ Ռոգոժկինը հայտարարել էր, որ Եվլոևը երեք ամիս ծառայել է ներքին զորքերում: Մնում է միայն ենթադրել, թե երկու օր հետո ո՞ւր կուղարկեն ծառայելու ինգուշ մահապարտին:









































