Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ իր թիկնապահների պատճառով ընկել է տհաճ իրադրության մեջ: Դա տեղի է ունեցել Լոնդոնի Օլիմպիական խաղերի շրջանակներում Թուրքիայի ու Անգոլայի կանանց բասկետբոլային թիմերի խաղից հետո, որում հաղթել էր Թուրքիայի ընտրանին:
Խաղից հետո շնորհավորելով թուրք մարզուհիներին՝ Էրդողանը փորձել է մոտենալ լրագրողներին, սակայն Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի անդամները փորձել են խոչընդոտել նրան: Հետևելով նրանց ու իր թիկնապահների միջև սկիզբ առած վեճին՝ Էրդողանն իրեն խոչընդոտողներից մեկին անվանել է անդաստիարակ: Միջադեպը հարթվել է միայն այն բանից հետո, երբ գործին միջամտել են Լոնդոնում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցները, և արդյունքում Էրդողանը հայտնվել է լրագրողների մոտ:
Էրդողանը նմանատիպ տհաճ պատմության մեջ ընկել է նաև նախորդ տարի Նյու Յորքում, ուր տեղի էր ունենում ՄԱԿ ԳԱ-ի 66-րդ նստաշրջանը: Այս դեպքում Էրդողանը շտապել էր ներկա գտնվել պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթին և փորձել էր այդ դահլիճ մտնել դրա համար չնախատեսված մուտքով:
Սակայն ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները կանգնեցրել էին նրան, ինչից հետո նրանց և Էրդողանի թիկնազորի միջև վեճ էր ծագել: Դրա հետևանքով ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցներից մեկը հոսպիտալացվել էր, սակայն Էրդողանը ՄԱԿ-ի նստաշրջանի դահլիճ էր մուտք գործել դրա համար նախատեսված տեղով:








































