«Քաղաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացքի հետ կապված հարցերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ծրագիրը վերաբերում է Երևանում երկու ճանապարհային հատվածների կառուցմանը, մասնավորապես Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված Արգավանդ տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակ փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ ծրագրի կառավարման որակը բարելավելու նպատակով` իր կարգադրությամբ կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Ծրագրերի իրականացման գրասենյակում: «Նախորդ հանդիպման ժամանակ ես կարևորել էի ծրագրի իրականացման աշխատանքները օր առաջ սկսելու անհրաժեշտությունը, և կրկին վերահաստատում եմ այս ծրագրի մեկնարկի առաջնայնությունը: Կարող եմ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք շարունակական համագործակցության»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ասիական Զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի քաղաքային զարգացման և ջրային բաժնի տնօրեն Անանդ Չիփլանքըրը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ ծրագրի շրջանակում ցուցաբերած աջակցության համար և նշել է, որ բանկի և քաղաքապետարանի աշխատանքային խմբերը ինտենսիվ աշխատանքներ են տանում ու պարբերաբար քաղաքապետին հաշվետվություն կներկայացվի ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: «Մենք անում ենք ամեն ինչ, որ սեպտեմբերին կայանալիք միջազգային մրցույթվ հաղթած խորհրդատու ընկերությունները հնարավորին շուտ սկսեն աշխատանքները»,- նշել է Անանդ Չիփլանքըրը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացիկ խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար:









































