Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է 2014 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Ահմեդ Սևերը:
Վերջինիս խոսքերով՝ Աբդուլլահ Գյուլի առջև ծառացած չէ օրենսդրական որևէ խոչընդոտ, որ նա վերստին ներկայացնի իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնում: Նա հավելել է, որ իր նախագահության 5 տարիների ընթացքում Աբդուլլահ Գյուլը դարձել է բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ, ինչը վերաբերում է նաև քրդական հարցին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունների ձախողումը շատ է վշտացրել նախագահին:
Սակայն Սևերի այս հայտարարությունը մեծ մտահոգություններ է առաջացրել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներսում՝ Գյուլի կուսակիցների շրջանում: ԱԶԿ գործադիր քարտուղար Հուսեին Չելիքը, հիշեցնելով, որ 2014 թվականին առաջին անգամ նախագահական ընտրությունների ժամանակ նախագահին ընտրելու է ժողովուրդը, հայտարարել է, որ ԱԶԿ-ն ցանկանում է, որ 2014 թվականի այդ ընտրությանը գնա իր առաջնորդ, ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը հաստատեց, որ Գյուլը պաշտոնավարելու է ոչ թե 5, այլ 7 տարի, այսինքնʽ մինչև 2014 թվականը: Բացի այդ, Աբդուլլահ Գյուլին հնարավորություն տրվեց ոչ միայն պաշտոնավարել 7 տարով, այլև վերընտրվել, ճիշտ է՝ արդեն ոչ թե 7, այլ 5 տարի ժամկետով՝ համաձայն 2010 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում անցկացված սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվեի արդյունքների:









































