Հայաստանում Սիրիայի դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամը այսօր աշխատանքի չի ներկայացել, եւ դեսպանատունն էլ չի կարողանում կապվել նրա հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Երևանում Սիրիայի դեսպանատանը: Ռադիոկայանին տեղեկացրել են, որ «Հոսամը համարվում է երկրորդ մարդը դեսպանությունում»:
Ավելի վաղ Al-Jazeera հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու և նախագահ Բաշար Ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։
Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում հաստատել են Al-Jazeera-ի տեղեկությունը` ավելի ուշ փոխանցելով, որ սիրիացի դիվանագետը Fly Dubai ավիաընկերության օդանավով Երևանից մեկնել է Դուբայ։
Հոսամի հայտարարությանը կհետևի նրան դիվանագիտական կարգավիճակից զրկելը:
Հիշեցնենք, ավելի վաղ Ասադի վարչակարգից հեռանալու մասին հայտարարել էին Բելառուսում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Իրաքում հավատարմագրված սիրիացի դիվանագետները:









































