Զինված ուժերում տեղի ունեցող սահմռկեցուցիչ իրադարձությունները լուրջ խորհելու տեղիք են տալիս: Միայն վերջին 10 օրվա ընթացքում հայկական բանակը տվել է երկու զոհ, ընդ որում` ոչ հակառակորդի գործողությունների արդյունքում: Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում փետրվարի 6-ին զոհվել էր ժամկետային զինծառայող Գևորգ Կոտինյանը, իսկ փետրվարի 12-ին ԼՂՀ ՊԲ մեկ այլ զորամասում` Թորգոմ Սարուխանյանը:
Առաջինի դեպքում մահվան պատճառը դաժան ծեծն է եղել, հարուցվել է քրգործ Քրեական օրենսգքրի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչպես նաև Քր.օր. 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և անզգուշությամբ առաջացրել տուժողի մահը: Երկրորդ դեպքի հետ կապված քրգործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Դաժան ծեծ, դաժան վերաբերմունք, արժանապատվությունը նվաստացնել… Տպավորություն է ստեղծվում, որ հայկական բանակում ծառայում են ոչ թե երիտասարդ քաղաքացիներ, այլ հանցագործ գազաններ: Եվ շատ հաճախ նմանատիպ դեպքերից հետո մամուլում կարելի է գտնել տեղեկություններ, որ միջադեպի հետ կապված այս կամ այն անձը ունի հոգեկան պրոբլեմներ, դրա հետ կապված նախկինում բուժվել է և այլն: Հարց է առաջանում. ի՞նչ գործ ունի հոգեկան խնդիրներով մարդը զինված ուժերում: Չէ՞ որ զորակոչվելիս քաղաքացիներն անցնում են բուժզննում: Հարցը ինքնին հռետորական է դառնում, երբ ուսումնասիրում ես ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը առ 26.02.2010թ` «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը»:
Հիվանդությունների ու ֆիզիկական թերությունների ցանկում գոյություն ունի 1-ին հոդված (մտավոր հետամնացություն), որի «գ» կետի համաձայն «թեթև աստիճանի այլ մտավոր հետամնացություն` առանց վարքային խանգարումների» պարագայում քաղաքացին զորակոչվում է բանակ` ճանաչվելով «պիտանի շարային ծառայությանը` սահմանափակումներով»: Էլ ավելի օրիգինալ է «աֆեկտիվ պսիխոզներ» վերնագրված 4-րդ հոդվածը, ըստ որի «գ» կետի «չափավոր և թեթև արտահայտված մանիակալ և դեպրեսիվ էպիզոդներ»-ի դեպքում ենթադրվում է «զորակոչիկներին` տարկետում մինչև մեկ տարի, զինծառայողները` պիտանի են ծառայությանը սահմանափակումով»: Իսկ ահա 7-րդ հոդվածի (նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ) «գ» կետին համապատասխանող քաղաքացիները` «թեթև և կարճատև հոգեկան խանգարումներ (կոմպուլսիվ, օբսեսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի), որոնք ենթարկվում են բուժման և ավարտվում են լավացումով» ճանաչվում են «պիտանի ոչ շարային ծառայությանը»: Շարքը կարելի է շատ երկար թվարկել, բայց մենք կանդրադառնանք վերոնշյալ երեք հոդվածներին, քանի որ, ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների, հիմնականում հենց այս երեք հոդվածներով զորակոչվածներն են առավել հաճախ հանդիպում զորամասերում:
1-ին հոդվածի «գ» մասով զորակոչվածների բժշկական գրքույկներում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կարելի է հանդիպել ռազմաբժշկական հանձնաժողովի հոգեբույժ մասնագետի այսպիսի գրառումներ. «պրիմիտիվ անձ», «սահմանային մտավոր թերզարգացվածություն» և այլն:
4-րդ հոդվածի «գ» կետը բացարձակ անտրամաբանական է թվում, քանի որ եթե զորակոչիկները, ըստ մասնագետների, կարիք ունեն տարկետման, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ արդեն ծառայության մեջ գտնվող քաղաքացիները պետք է շարունակեն ծառայությունը: Եվ դա այն դեպքում, երբ հայկական բանակին փոքր-ինչ ծանոթ ցանկացած մարդու հայտնի է, որ «պիտանի է ոչ շարային ծառայության» կամ «պիտանի է շարային ծառայության` սահմանափակումներով» հասկացությունները կրում են ձևական բնույթ և դե ֆակտո չեն գործում: Նմանատիպ հոդվածներով զորակոչված քաղաքացիների ծառայությունն, ըստ էության, ոչնչով չի տարբերվում առողջ քաղաքացիների ծառայությունից, քանի որ զորամասերում, ինչպես արդեն ասվեց, ո՛չ սահմանափակումներն են պահպանվում, ո՛չ էլ ոչ շարային ծառայության դրույթները:
Ինչ վերաբերում է 7-րդ հոդվածի «գ» կետին, ապա այս հոդվածով զորակոչված զինծառայողների բժշկական գրքույկներում կատարվող գրառումներն ուղղակի ապշեցուցիչ են: Այս դեպքում կարող եք հանդիպել «անձի շեշտվածություն` ինքնավնասումներով ու անկայուն հոգեբանական վիճակով» և բազմաթիվ այլ նմանատիպ նախադասություններ:
Մեր աղբյուրները նշում են, որ վերոնշյալ հոդվածներով զորակոչված քաղաքացիները իսկական պատուհաս են դառնում ինչպես սպաների ու զինծառայողների, այնպես էլ զորամասային օղակի բուժծառայության աշխատողների համար, քանի որ դժվարությամբ են ենթարկվում կանոնակարգի պահանջներին, տարատեսակ միջադեպերի պատճառ են դառնում և այլն:
Իսկ թե ինչ սկզբունքով են աշխատում ռազմաբժշկական հանձնաժողովները, որոնք էլ կայացնում են այս կամ այն քաղաքացու` ծառայությանը պիտանի լինելու որոշումը, թերևս հայտնի է բոլորին: Կարծիք կա, որ այդ հանձնաժողովների կողմից տրվող ախտորոշումները շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը, ու վերոնշյալ դեպքերում մենք գործ ունենք իրական ախտորոշումը թաքցնելու ու փոխարենը ավելի թեթև աստիճանի պաթոլոգիա արձանագրելու հետ: Այսինքն, օրինակ` 1-ին հոդվածի «գ» կետով զորակոչված զինծառայողի առողջական վիճակը իրականում կարող է համապատասխանել 1-ին հոդվածի «բ» կետին` «չափավոր և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքային խանգարումներով», որի պարագայում քաղաքացիները, ըստ հրամանի, «պիտանի չեն խաղաղ ժամանակ, պիտանի են ոչ շարային ծառայության պատերազմական ժամանակ»: Սակայն բանակը համալրելու կամ այլ նկատառումներից ելնելով` այդ քաղաքացիները ավելի մեղմ ախտորոշումներով զորակոչվում են բանակ` շատ հաճախ պատճառ դառնալով սահմռկեցուցիչ միջադեպերի:
«Ժամանակ» օրաթերթ









































