Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիից հետո եվրոպական քաղաքական գործիչները պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել՝ խնդիրներ ունեցող եվրոպական տնտեսություններին աջակցելու համար: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Եվրոպական կենտրոնական բանկը և ԵՄ հակաճգնաժամային հիմնադրամը պատրաստվում են միջամտել պետական պարտատոմսերի շուկայում տիրող իրավիճակին, որպեսզի հարվածեն իսպանական և իտալական արժեթղթերի եկամտաբերությանը: Պարբերականի տվյալներովʽ եվրոպական ֆինանսական ժամանակավոր կայունության հիմնադրամը և եվրոպական կայունացման նոր մեխանիզմը պարտատոմսեր կգնեն առաջնային շուկայում, իսկ ԵԿԲ-ն՝ երկրորդական:
Եվրոխմբի ղեկավարներ Ժան Կլոդ Յունկերը Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում հաստատել է, որ ԿԲ-ն և հակաճգնաժամային հիմնադրամները պատրաստ են համագործակցել:
«Առաջիկա օրերին մենք կորոշենք, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել,- ասել է նա:- Ես չեմ կասկածում, որ մենք կիրականացնենք վերջին գագաթնաժողովին ընդունած որոշումը»:
Յունկերի խոսքերով՝ եվրոպական երկրները հասել են մի կետի, երբ «մենք պետք է միանգամայն հասանելի միջոցներով հստակ ցույց տանք, որ կարող ենք վճռականությամբ ապահովել արժութային միության ֆինանսական կայունությունը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին շաբաթ օրը հարցազրույց են ունեցել, որի ժամանակ պատրատակամություն են հայտնել անել հնարավոր ամեն բան, ինչ կպահանջվի եվրոգոտու պաշտպանության համար:
Հինգշաբթի ԵԿԲ-ն հերթական նիստը կանցկացնի, որում, ակնկալվում է, կքննարկվեն կոնկրետ քայլեր պետական պարտատոմսերի շուկայում իրավիճակը կայունացնելու համար:








































