Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի խնդրին, հայտարարել է, որ կողմերից և ոչ մեկն էլ շահագարգռված չէ բանակցային գործընթացի ձախողման մեջ:
Սալեհին հավելել է, որ ներկայումս կողմերի բանագնացներ Սայիդ Ջալիլին ու Քեթրին Էշթոնը խորհրդակցում են միմյանց հետ՝ որոշելու համար բանակցային հաջորդ փուլի անցկացման ժամկետն ու վայրը.
«Ներկայումս մենք չենք կարող ողջ հստակությամբ հայտնել բանակցային գործընթացի հետագա շարունակման մասին: Սակայն եթե դա տեղի ունենա, ապա բանակցությունները կշարունակվեն: Բանակցությունների տապալումը ձեռնտու չէ ոչ մեկին: Առկա խնդիրը կարելի է լուծել, եթե պաշտոնապես ճանաչվի կողմերի բոլոր մտավախությունների իրավացիությունը և փարատվեն կասկածները:
Մենք մեր կողմից պետք է ցրենք միջուկային մեր ծրագրին առնչվող միջազգային հանրության կասկածները: Տվյալ դեպքում գոյություն ունեն համընդհանուր միջազգային գործիքներ ու մեխանիզմներ: Մենք նաև ակնկալում ենք, որ հակառակ կողմը պաշտոնապես կճանաչի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան մեր իրավունքները»:









































